Նոր Զելանդիան կստեղծի աշխարհում ամենամեծ ծովային արգելոցներից մեկը
Նոր Զելանդիան 620 հազար քառակուսի կիլոմետր տարածքով ծովային արգելոց կստեղծի Կերմադեկ կղզիների շրջանում: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջոն Քեյը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ընթացքում, գրում է interfax.ru-ն։
Արգելոցը գտնվելու է Նոր Զելանդիայից 1.000 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք: Այդ տարածքը բնութագրվում է լայն կենսաբազմազանությամբ, մասնավորապես՝ այնտեղ բնակվում է 35 տարբեր տեսակի դելֆին և կետ, 150 տարբեր տեսակի ձուկ և ծովային կրիաների յոթ տեսակից երեքը։ Նախատեսվող արգելոցի տարածքը նաև ունի երկրաբանական նշանակություն, քանի որ այնտեղ է գտնվում ստորջրյա հրաբուխների ամենաերկար շղթան։
Արգելոցի տարածքը հավասար է լինելու Նոր Զելանդիայի տարածքի կեսին և իր մեջ կներառի երկրի բացառիկ տնտեսական գոտու 15 տոկոսը: Դրա տարածքում կարգելվի կոմերցիոն և մասնավոր ձկնորսությունը, օգտակար հանածոների, ինչպիսին են նավթը և բնական գազը, որոնումը և ադյունահանումը։
Պաշտպանված գոտիների ստեղծումը կօգնի ոչ միայն Նոր Զելանդիայի ձկնորսությանը, այլև խաղաղօվկիանոսյան շրջանում գտնվող իր հարևան տնտեսություններին, հայտարարել է վարչապետը։










