Օբաման ներկա է եղել տարբեր երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում քաղաքական հայացքների համար բռնադատված կանանց նվիրված ցուցադրությանը

19:28 • 29.09.15

Նյու Յորքում ընթացող Միացյալ ազգերի կազմակերպության 70-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբաման ներկա է եղել ԱՄՆ բռնադատված կանանց նվիրված լուսանկարների ցուցադրությանը։




«Ազատ արձակեք 20-ին» (#FreeThe20) անվանումը կրող ցուցադրությանը, որը նախկինում ԱՄՆ Նախագահի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով ղեկավար, այժմ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Սամանթա Փաուերի նախաձեռնությունն է, ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված կանայք։

Նրանց թվում են Ադրբեջանում բռնադատված իրավապաշտպան Լեյլա Յունուսը և ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովան։ 
 



Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպն այս տարի ավելի վաղ իր հայտարարության մեջ խոր անհանգստություն էր հայտնել ադրբեջանական դատարանի կայացրած վճռից, որով Խադիջա Իսմայիլովան 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել։  

Մեկ այլ հայտարարությամբ Պետդեպը կոչ էր արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Լեյլա և Արիֆ  Յունուսներին։ 

Հիշեցնենք նաև, որ Սամանթա Փաուերը, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն այս տարվա մայիսի 7-ին Վաշինգտոնի ազգային մայր տաճարում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքին մասնակցել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկի նշանով։