Մոսկվան հետաքրքրված է Վաշինգտոնի հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացմամբ. Պեսկով

16:11 • 29.09.15

Մոսկվան հետաքրքրված է Վաշինգոտնի հետ փոխադարձ շահ ներկայացնող հարցերում հարաբերությունների զարգացմամբ՝ այնպիսի սուր խնդիրների դեպքում, ինչպես, օրինակ, Սիրիայի ճգնաժամն է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

«Ռուսաստանը միշտ կողմ է արտահայտվել, և մենք տարբեր մակարդակներում ասել ենք, որ Ռուսաստանը հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրության հարցերում երկխոսության զարգացմամբ, և հուսով ենք, որ այդպես էլ կլինի»,-ասել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել էր ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպումը։ Այն տևել է նախատեսվածից գրեթե կրկնակի ավելի։ Բանակցություններից հետո երկու կողմերը հայտարարել են, որ պատրաստ են կառուցողական աշխատանքի, սակայն կոնկրետ արդյունքների մասին ոչ ոք չի բարձրաձայնել։