Արփինե Հովհաննիսյանն ու ԵԽ պաշտոնյան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը

13:53 • 30.09.15

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ունեցած համագործակցության ներկայիս մակարդակն ու համատեղ իրականացվող ծրագրերի հաջող ընթացքի հարցում կարևորել Միխայիլ Լոբովի ներդրումը:
 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում իրականացվող «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար»  ծրագրին:
 

Արփինե Հովհաննիսյանը և Միխայիլ Լոբովը քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացման՝ մասնավորապես քրեակատարողական ծառայողների համար դասընթացներ անցկացնելու հնարավորություններն ու ձևաչափը:
 

Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար, ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը մեծ փորձառություն ունի քրեակատարողական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում և հայ գործընկերների հետ ԵԽ լավագույն փորձը կիսելու պատրաստակամություն է հայտնել:
 

Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: