Հավաստիացնում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը. «Աշտարակ-Կաթ»
«Աշտարակ-Կաթ» ընկերության մամուլի բաժնից պատասխանել են Tert.am-ի հարցմանը, թե ինչու Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում և Վահան գյուղում ընկերությունը հունիսի 15-ից այս կողմ գյուղացիների մթերած կաթի գումարները չի վճարել, որի մասին խմբագրությունը բողոքներ է ստացել:
Նշենք, որ Azatutyun.am-ը գրել էր, որ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի բնակիչներն են արդեն մի քանի օր է առգրավել են «Աշտարակ-Կաթ» ընկերության մեքենան՝ հրաժարվելով կաթ մատակարարել, մինչև ընկերությունը չմարի վերջին երեք ամիսներին կուտակված 46 միլիոն դրամ պարտքը:
Ընկերությունը նշում է, որ արդեն 20 տարի է, ինչ «Աշտարակ-Կաթ» ընկերությունը համագործակցում է Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ. համագործակցությունը կրում է և կրելու է շարունակական բնույթ:
«Սակայն փոխշահավետ համագործակցության ընթացքում երբեմն լինում են դեպքեր, երբ օբյեկտիվ պատճառներով մթերված կաթի դիմաց վճարումներն ուշանում են: Այս երևույթը կրում է սեզոնային բնույթ: Ամռանը կտրուկ նվազում է կաթնամթերքի սպառումը, իսկ գյուղացու կողմից արտադրված կաթի առաջարկը մեծանում է՝ գերազանցելով պահանջարկին: Ընկերությունն այդ ամիսներին, սակայն, կանգնում է գյուղացու կողքին՝ մթերելով ավելցուկ կաթը: Սակայն այն երբեմն առաջացնում է շրջանառու միջոցների ժամանակավոր պակաս (ամռանը մթերվող կաթի ծավալն ավելանում է, վաճառվող կաթնամթերքի ծավալը պակասում): Սա է հիմնական պատճառը, որ վճարումները շեղվում են սովորական ժամանակացույցից»,- նշում են պատասխանում և հավելում, թե «Աշտարակ-Կաթ» ընկերությունը պաշտոնապես հայտարարում է, որ չի հրաժարվում իր պարտավորություններից:
«Հավաստիացնում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մարվելու են կաթի մթերման դիմաց կուտակված բոլոր պարտքերը»,- նշում են նա:










