Ադրբեջանցի քաղբանտարկյալների լուսանկարների ֆոնին հայ լրագրողը հարցեր է ուղղել Էլմար Մամեդյարովին՝ ադրբեջանցի քաղբանտարկյալների մասին
Նյու Յորքում ընթացող Միացյալ ազգերի կազմակերպության 70-րդ Գլխավոր վեհաժողովի շրջանակում ՄԱԿ-ի ցուցասրահներից մեկում ցուցադրված են 20 կին-քաղբանտարկյալներ, այդ թվում ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի և իրավապաշտպան Լեյլա Յունուսի լուսանկարները։
Հենց այդ լուսանկարների մոտ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծառայության ղեկավար Արտակ Ալեքսանյանը Ադրբեջանում քաղբանտարկյալների, մարդու իրավունքների ոտնահարման թեմայով հարցեր է տվել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։
Էլմար Մամեդյարովը պատասխանել է նաև ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի ու սահմանային միջադեպերին վերաբերող հարցերին:
Հիշեցնենք, որ նույն ցուցադրությանը երեկ ներկա էր գտնվել նաև ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման։ «Ազատ արձակեք 20-ին» (#FreeThe20) անվանումը կրող ցուցադրությանը, որը նախկինում ԱՄՆ Նախագահի հատուկ օգնական և ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում Բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով ղեկավար, այժմ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Սամանթա Փաուերի նախաձեռնությունն է, ներկայացված են աշխարհի տարբեր երկրներում իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված կանայք։
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Պետդեպն այս տարի ավելի վաղ իր հայտարարության մեջ խոր անհանգստություն էր հայտնել ադրբեջանական դատարանի կայացրած վճռից, որով Խադիջա Իսմայիլովան 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Մեկ այլ հայտարարությամբ Պետդեպը կոչ էր արել ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Լեյլա և Արիֆ Յունուսներին։












