Բրեյվիկը «ցմահ» հացադուլ է հայտարարել
Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, ով 21 տարով ազատազրկված է 77 մարդու սպանության համար, հացադուլ է հայտարարել «մինչև իր մահը», գրում է segodnya.ua-ն՝ հղում անելով նորվեգական Nettavisen պարբերականին։
Բրեյվիկը նամակում բացատրում է, որ նման քայլի է դիմել բանտում պայմանների վատացման պատճառով։ Նրա կարծիքով՝ սեպտեմբերի 2-ին բանտի պայմանների նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո «անմարդկային վերաբերմունք» է սկսվել իր նկատմամբ։
«Ես կշարունակեմ իմ հացադուլը մինչև մահ։ Ես այլևս չեմ կարող դա հանդուրժել»,- ասել է Բրեյվիկը։
Համաձայն նոր կանոնների՝ Բրեյվիկն ունի միայն մեկսենյականոց խցիկ 2-սենյականոցի փոխարեն։ Այնտեղ նա գտնվում է օրվա 24 ժամից 23-ը։
«Պահման պայմանների վատացման մասին որոշումը ստիպել է ինձ թողնել ուսումը համալսարանում՝ միակ բանը, որ ես ունեի»,- ասել է Բրեյվիկը։
Նրա փաստաբանը հաստատել է, որ ահաբեկչի պայմանները «քիչ թե շատ» վատացել են, նրա կապն այլ կալանավորների հետ սահմանափակվել է, փոքրացվել է տարածքը, որտեղ նա կարող է ազատ տեղաշարժվել։










