Միջազգային հանրությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի ադրբեջանական պահվածքի վրա. քաղաքագետ

21:30 • 30.09.15

Վերջին շրջանի լարված վիճակը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը պետք է վերջիվերջո լուրջ ուշադրություն դարձնի ադրբեջանական պահվածքի վրա, որը նա ցուցաբերում է բացարձակապես չնպաստելով տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։


«Ըստ էության Մինսկի խումբը՝ որպես  համապատասխան մասնագիտացված կառույց հանդես է գալիս նաև որպես կառույց, որը ի վիճակի է որոշ չափով հասցնել Ադրբեջանին այն կարծիքը, որը կա միջազգային հանրության մեջ։ Դրա արդյունքը դուք տեսնում եք Մինսկի խմբի հայտարարության մեջ, որտեղ Մինսկի խումբն անմիջապես ցույց տվեց, որ Ադրբեջանն է հանդես գալիս որպես  խաղաղությանը չնպաստող կողմ»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է Մինսկի խմբի ձևաչափը փոխելու անհրաժեշտությանը, քաղաքագետն ասաց, որ քանի դեռ ոչ մի այլ կառուցողական առաջարկ չկա,  նպատակահարմար չէ քննարկել  այդ հարցը կամ այն հարցը, թե արդյոք Մինսկի խմբի մեջ պետք է փոփոխություն կատարել անդամների տեսանկյունից, թե՝ ոչ։


«Ադրբեջանի ոտնձգություններին դեմ առնելու համար գոյություն  ունի ՀՀ զինվորական ուժեր և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որոնք անհրաժեշտ միջոցները ձեռնարկում են»,- ասաց նա։