Իտալիան պատրաստ է ՌԴ-ի հետ պայքարել ահաբեկչության դեմ
Իտալիան պատրաստ է Ռուսաստանի հետ պայքարել ընդդեմ միջազգային ահաբեկչության. համապատասխան կոմյունիկեն այսօր ընդունել են երկու երկրների խորհրդարանականները։
«Հանձնաժողովի նիստի արդյունքներով մենք ստորագրել ենք համատեղ կոմյունիկե, որում նշվում է ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու անհրաժեշտության, հիմնական ահաբեկչական սպառնալիք համարվող «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիա կազմելու, Սիրիայի և Լիբիայի նման երկրներում կարգավորման քաղաքական լուծում գտնելու հարցերում համագործակցելու անհրաժեշտության մասին»,-ասել է Պետդումայի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը։
Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր ռուս և իտալացի խորհրդարանականների միջև երկխոսությունը վերականգնելու մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Դաշնային խորհուրդը թույլտվություն է տվել ռուսական զորքերն արտերկրում գործողությունների ուղարկելու վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, Սիրիայում հատուկ գործողության մասին է։










