ԱՄՆ-ն դադարեցրել է սիրիական ընդդիմության մարտիկների ուղարկումը Հորդանանի և Թուրքիայի ճամբարներ

11:02 • 30.09.15

 Ammar Abdullah / Reuters

 

ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի «չափավոր» ընդդիմության մարտիկների ուղարկումը Հորդանանի և Թուրքիայի մարզման ճամբարներ: Այդ մասին երեքշաբթի օրը հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ Պիտեր Քուկը, գրում է ТАСС-ը:

 

«Ծրագրի վերանայման նպատակով մենք դադարեցրել ենք դա»,- նշել է Քուկը։ Նա, այնուամենայնիվ, ընդգծել է, որ մարտիկների պատրաստման և մարզման ծրագիրը դեռ գործում է, անցկացվում են մարզումներ, մարտիկների հավաքագրում և ստուգում:

 

Օրերս ԱՄՆ-ն սկսել է այդ ծրագրի վերանայումը: The Wall Street Journal թերթի տվյալներով՝ Պենտագոնը դիտարկում է այդ ծրագրի մասշտաբների զգալի կրճատման տարբերակները: Ծրագրի համար ծախսվել է մոտ 500 միլիոն դոլար:

 

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշտոն Քարտերը հայտարարել է, որ «չափավոր» սիրիական ընդդիմության պատրաստման ծրագիրը բախվում է դժվարությունների, դրան մասնակցում է ընդամենը 60 մարդ: Նա նշել է, որ նման փոքր թիվը պայմանավորված է «մանրամասն ստուգումներով և թեկնածուների ընտրության ընթացակարգով»։