Բելգիան փախստականների դեմ կպայքարի Facebook-ի միջոցով. Le Parisien
Բելգիայի` միգրացիայի և ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը որոշել է եկող շաբաթվանից նոր մեթոդ կիրառել` փախստականների շրջանում իր երկիր ժամանելու ցանկությունը կոտրելու համար, գրում է Le Parisien-ը։
Հանուն այդ նպատակի պաշտոնյան պատրաստվում է դիմել աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքին, որի միջոցով տարածվելու է հատուկ ուղերձ։ Հայտնի է, որ Ֆրանկենը փորձելու է Բելգիա ժամանելու ցանկությունից հետ պահել հիմնականում իրաքցի փախստականներին։
Ինչպես նշում է Euromag-ը, կառավարությունն արդեն վճարել է Facebook-ին, որպեսզի կառավարական ուղերձը հնարավորինս արագ տարածվի։
Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Բելգիա ժամանելն ամենևին էլ չի ենթադրում փաստաթղթերի տրման և երկրում ժամանակավորապես գտնվելու իրավունք»:
Աղբյուրը մանրամասնում է, որ գովազդային տեսքտը տարածվելու է սոցկայքի` մինչև 30 տարեկան այն օգտատերերի շրջանում, ովքեր բնակվում են Բաղդադում և դրա հարակից շրջաններում: Երիտասարդ իրաքցիների անձնական էջերում կհայտնվի այս ուղերձը` նրանց հետ պահելով Բելգիա մեկնելու ցանկությունից:
Հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Ֆրանկենը նշել է,որ Բելգիայից ապաստան խնդրող փախստականների մեծ մասը ոչ թե սիրիացիներ են, այլ` իրաքցիներ, ովքեր հիմնականում 25-45 տարեկան միայնակ տղամարդիկ են։










