ՌԴ-ն ԱՄՆ-ից խնդրել է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ռուսական կողմն ավիահարվածներ է հասցրել ոչ ԻՊ-ի դիրքերին
Ռուսաստանն ԱՄՆ-ից խնդրել է ապացույցներ ներկայացնել առ այն, որ ռուսական կողմն ավիահարվածներ է հասցրել ոչ «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվային նման տվյալներ հայտնի չեն։
«Մեր ամերիկացի գործընկերները մտահոգված են, թե իբր ՌԴ-ի թիրախն այն չի եղել։ Եվ այդ կասկածները նրանք մեզ հայտնել են, պնդել, սակայն նրանք որևէ ապացույց չեն ներկայացրել։ Մենք նրանց խնդրել ենք ապացուցել, քանի որ մենք պատասխան ենք տալիս մեր թիրախների համար։ Խոսակցություններ են տարածվել, թե արդեն ինչ-որ քաղաքացիական անձինք են տուժել այդ հարվածների հետևանքով: Մեզ նման տվյալներ հայտնի չեն: Մենք ուշադիր հետևում ենք, որ հարվածները ճշգրիտ լինեն, որպեսզի թիրախում լինեն բացառապես ահաբեկչական խմբավորումների դիրքերը, օբյեկտները, զենքերը»,-ասել է Լավրովը՝ ամերիկացի գործընկեր Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո:
ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ճշգրիտ հարվածներ են հասցվել ԻՊ-ի 8 օբյեկտների Սիրիայում և վնասվել են նրանց զինապահեստներն ու զենքերը, կուտակված զինտեխնիկան, ինչպես նաև ոչնչացվել են ԻՊ-ի զինյալների՝ լեռներում գործող հրամանատարական կետերը:
Նշվել է նաև, որ այդ հարվածները հասցվել են օդային հետախուզության անցկացումից ու տվյալները ճշտելուց հետո, որոնք ստացվել են սիրիական բանակի շտաբից։










