Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործչի են ձերբակալել՝ «խուլիգանության» մեղադրանքով
Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության նախագահի խորհրդական Մամեդ Իբրահիմը ձերբակալվել է Նարիմանովի ոստիկանության կողմից՝ որպես կասկածյալ։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, նա կասկածվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 221 հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն։
Այդ մասին Իբրահիմն անձամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլին՝ նրան զանգելով ոստիկանությունից։
Բայրամլըն Facebook սոցցանցի իր էջում գրել է, որ Իբրահիմին ձերբակալել են նախկին կուսակցական Միկայիլ Գուլիևի բողոքի հիման վրա։
Վերջինիս պնդմամբ՝ Իբրահիմն իբր փողոցում վիրավորել է իրեն ու հարձակվել է իր վրա։ Իբրահիմը հայտարարում է, որ իրականում հենց Գուլիևն է վիրավորել ու հարձակվել իր վրա։
Իրավապահ մարմինները դեռ չեն մեկնաբանել Իբրահիմի ձերբակալությունը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ, լրագրողներ, բլոգերներ ու գործիչներ են ձերբակալվել շինծու մեղադրանքներով։ Միջազգային բազմաթիվ կազմակերպություններ ու կառույցներ Ադրբեջանին բազմիցս կոչ են արել ազատ արձակել նրանց։










