Մինսկը խոստանում է ապահովել Մոսկվայի և Կիևի միջև ավիահաղորդակցությունը

17:21 • 01.10.15

«Մինսկ» ազգային օդանավակայանը և Բելառուսի շրջանային օդանավակայանները կկարողանան տարանցիկ ուղևորվող ուղևորների ընդունել այն բանից հետո, երբ դադարեցվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը։ Այդ մասին հայտնել է Բելառուսի տրանսպորտի նախարարի տեղակալ Եվգենի Ռոգաչովը, գրում է korrespondent.net-ը։

 

««Մինսկ» ազգային օդանավակայանը և շրջանային օդանավակայանները, և «Բելավիա» ընկերությունն ամբողջությամբ պատրաստ են ընդունել այն ուղևորներին, որոնք կորոշեն Ուկրաինա մեկնել մեր երկրով»,- ասել է Ռոգաչովը։

 

Անցած շաբաթվա վերջին Ուկրաինայի կառավարությունը որոշել է արգելել երկիր ռուսական ավիաընկերությունների մուտքը: Որոշվել է նաև արգելել ռուսական ինքնաթիռներին տարանցիկ թռիչքներ կատարել Ուկրաինայի օդային տարածքով, եթե նրանք ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում:

 

Երեք օր անց Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն արգելել է ուկրաինական ավիաընկերություններին թռիչքներ կատարել ռուսական տարածքում: Արգելքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 25-ից։