Հայտարարվել են 2015 թվականի այլընտրանքային Նոբելյան մրցանակի հաղթողների անունները

17:12 • 01.10.15

«Ճիշտ կենսակերպի համար» մրցանակը (Right Livelihood Award), որը հաճախ անվանում են այլընտրանքային Նոբելյան մրցանակ, 2015 թվականին «գնացել» է Ուգանդա, Իտալիա, Կանադա և Մարշալյան կղզիներ, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Right Livelihood հիմնադրամի մամուլի ծառայությանը։

 

Ինչպես հետևում է պաշտոնական կոմյունիկեից՝ մրցանակների են արժանացել Մարշալյան կղզիների բնակիչները և հենց ինքը՝ միկրոնեզիական պետության արտգործնախարար Թոնի դե Բրյումը, Ուգանդայից իրավապաշտպան Կաշա Ժակլին Նաբագեսերան, Կանադայից ակտիվիստուհի Շեյլա Ուոթ-Կլուտյեն և իտալացի վիրաբույժ Ջինո Ստրադան։

 

Դե Բրյումը և Մարշալյան կղզիների բնակիչները մրցանակի են արժանացել միջուկային զենքի և կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի համար։ Նաբագեսերեն մրցանակ է ստացել միասեռականների իրավունքների պաշտպանության համար, Ուոթ-Կլուտյեն՝ էսկիմոսների իրավունքների երկար տարիների պաշտպանության համար, իսկ Ստրադան՝ պատերազմի զոհերի համար տարվող աշխատանքի համար։

 

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 320 հազար եվրո, այն կբաշխվի մրցանակակիրների միջև։

 

Մրցանակը հանձնվելու է նոյեմբերի 30-ին Ստոկհոլմի խորհրդարանի շենքում:

 

Մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1980 թվականին: Այն շնորհում են մարդկանց և կազմակերպություններին, որոնք օրինակելի պատասխաններ են գտնում ժամանակակից աշխարհի արդի հարցերին։