Սաուդյան Արաբիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունը

14:05 • 01.10.15

Սաուդյան Արաբիան Ռուսաստանից պահանջում է դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունը, գրում է korrespondent.net-ը։

 

«Էր-Ռիյադը խոր անհանգստություն է հայտնել Ռուսաստանի գործողությունների առնչությամբ»,- ՄԱԿ-ի նիստի ժամանակ հայտարարել է Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Աբդալա ալ-Մուալիմին։

 

Սաուդյան Արաբիայի տվյալներով՝ օդային հարվածները հասցվել են տարածքին, որտեղ չեն եղել «Իսլամական պետության» գրոհայիններ և որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի։

 

«Անհապաղ դադարեցնել և չվերսկսել հարվածները։ Ինչ վերաբերում է երկրներին, որոնք ցանկանում են միանալ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ պայքարին, ապա նրանք չունեն դա անելու իրավունք, քանի դեռ աջակցում են սիրիական ռեժիմի ահաբեկչությունը»,- հայտարարել է ալ-Մուալիմին։

 

Ռուսաստանը սկսել է ռազմական գործողություն իրականացնել Սիրիայում սեպտեմբերի 30-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են Սիրիայում ԻՊ-ի ութ օբյեկտներին հասցված 20 ավիահարվածների մասին։

 

Սիրիայի ընդդիմադիր ուժերը մեղադրել են Ռուսաստանին իրենց ճամբարների վրա հարձակման և Հոմս քաղաքի խաղաղ բնակչության շրջանում հարվածների համար։ Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանի ավիահարվածները թիրախավորված չեն եղել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքներին։