ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ է ծախսում՝ չիմանալով, թե ում է պետք աջակցել. Թրամփ

10:04 • 01.10.15

Աջակցելով այլ երկրներին՝ ԱՄՆ-ն չգիտի, թե ում է իրականում աջակցում, հայտարարել է ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

 

«Մենք միշտ զենք ենք տալիս, մենք զենքի տեսքով միլիարդավոր դոլարներ ենք տրամադրում, իսկ նրանք դա մեր դեմ են օգտագործում։ Մենք չենք վերահսկում իրավիճակը: Այնպես որ մենք անգամ չգիտենք՝ ում է պետք աջակցել։ Մենք անգամ չգիտենք, թե ում ենք աջակցում»,- ասել է նա։

 

Միլիարդատերը նշել է նաև, որ նա հակված է մտածել, որ Ռուսաստանի նպատակն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելն է, իսկ ԱՄՆ-ն չպետք է փորձի խաղալ «ողջ աշխարհի համար ոստիկանի» դերը։

 

«Ես լսել եմ, որ նրանք հարվածում են երկուսին էլ»,- ասել է Թրամփը՝ հավանաբար խոսելով «Իսլամական պետության» և սիրիական ընդդիմադիր ուժերի մասին։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանն օդային հարվածներ է սկսել Սիրիայում, քանի որ «չի ցանկանում, որ ԻՊ-ը գա իր երկիր, իսկ դա կլինի հաջորդ քայլը»։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում։ Նշվում է, որ օդային հարվածը հասցվել է Սիրիայի արևմուտքում՝ Հոմս նահանգի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի դիմումից հետո։