Քրեական միջադեպ ավտոմեքենայի կայանման համար, տուժողը վախից տեղափոխվել է վարձով բնակարան
2015 թ. հունիսի 13-ին ավտոմեքենայի կայանման հարցով տեղի ունեցած միջադեպի արդյունքում 35 տարեկան կինը` Արմինե Ավագյանը ստացել է կողերի կոտրվածքներ, վախից բնակվում է ոչ թե իր, այլ վարձով բնակարանում, իսկ նրա ամուսինը գտնվում է անազատության մեջ:
Արմինե Ավագյանին, ում, բժշկի եզրակացությամբ, հարվածներ է հասցրել ոմն Արթուր Գևորգյան, Tert.am–ի թղթակիցը հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների գրասենյակի մոտ, ուր նա եկել էր բողոքելու և չդիմանալով տարած սթրեսներին, գրեթե ուշաթափվել էր, մինչ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները նրան ջուր և դեղ էին հասցնում:
Ըստ Արմինեի` դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունիսի 13-ին. կեսգիշերն անց` ժամը մեկին ամուսինները քնած են եղել իրենց ննջասենյակում, երբ բակից լսել են մեքենայի երկարատև ազդանշաններ: Պատուհանից նայել են ամուսիններով` իրե՞նց մեքենան է խանգարում մեքենային, որի վարորդն ուզում էր կայանել, թե երրորդ հարկի հարևանների:
Հենց պատուհանի, մոտ ըստ տիկնոջ, լսում են, որ մեքենայի տերը` Արթուր Դավթյանը հայհոյանքներ է տեղում ամուսնու հասցեին, ապա նայելով վերև ասում.«Արա, բ . . ի տղա, իջի ներքև գծագիրդ ցույց տամ, թե որտեղ պետք է կայանես»:
Իջնում են, ամուսինն առաջարկում է նստել, մեքենայում զրուցել` գիշերվա մեկն է, ինչին ի պատասխան Արթուրը հրում է նրան, գցում մեքենան, կինը հասնում է դեպքի վայր այն ժամանակ, երբ լսում է, որ Արթուրը հեռախոսով կանչում է որդուն և հարևանի տղային:
Երեքով այստեղ ծեծում են ամուսնուն, իսկ Արթուրն էլ, որ փորձում է փոքրիկ ձողով հարվածել ամուսնուն, հարվածը հասցնում է նրանց բաժանել փորձող Արմինեին, որն ընկնում է գետնին ու մի քանի րոպե շարունակ գոռում`օգնություն:
Այս ընթացքում Արթուրը, նրա որդին և հարևանի տղան ջարդում են ամուսինների մեքենան, միջից հանում փաստաթղթերը` տեխնիկական անձնագրից սկսած:
Ուշքի գալով` տեսնում է, որ ոչ ոք չկա, մտածելով, որ ամուսինը տանն է, բարձրանում է այնտեղ չի գտնում նրան, նորից իջնում է ներքև, որտեղ արդեն շքամուտքի մոտ հանդիպում է Արթուրին, որը նախ սեռական հայհոյանքներ է տալիս, ապա նորից ամուսնուն անվանում բ .. ի տղա, ու հարցնում`«թռա՞վ»:
Այս խոսքերի վրա մուտքում հայտնվում է ամուսինը ու կնոջ պատմելով` էլ չդիմանալով հայհոյանքներին` ինչ-որ բանով հարվածում է Արթուրին:
«Դե ո՞ր տղամարդուն է հետաքրքիր, որ իրեն կնոջ մոտ ասեն բ ..ի տղա, ու ամենավերջին սեռական հայհոյանքները տան»,- պատմեց Արմինեն, ով Արթուրի ձողի հարվածից, բժշկի եզրակացությամբ ստացել էր կողերի վնասվածքներ:
Հարուցվում է քրեական գործ, Արմինեի ամուսնուն, որը նաև որոշում է չներկայանալ, առաջադրվում է մեղադրանք ՀՀ քրեական գրքի 112 –րդ հոդվածով` մարմնական վնասվածքներ հասցնելը և միայն բազմաթիվ բողոքներից հետո Քր օր. 113-րդ` մարմնական վնասվածքներ հասցնելու մասին հոդվածով մեղադրանք է առաջադրվում նաև Արթուր Դավթյանին, ում նկատմամբ, սակայն, խափանման միջոց չի ընտրվել կալանքը:
«Քննիչին ասում եմ` մեքենան ջարդել են ամբողջությամբ։ Մեքենայի համարները հանել է կոշիկով, սա հանցագործություն չէ»,- բողոքեց Արմինեն, ով ներկայումս բնակվում է վարձով, քանի որ, ըստ նրա, Արթուրը սպառնացել է` «ոչ ձեզ վերացնելու եմ»:
Ըստ Արմինե Ավագյանի` Արթուր Դավթյանը ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյայի ազգական է և արտասահմանյան ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքի խանութի սեփականատեր:










