Լարված իրավիճակ Դիարբեքիրում. քրդերի դեմ գործողությանը դիպուկահարներ ու ուղղաթիռներ են ներգրավված
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում պարետային ժամ է հայտարարվել։ Այստեղ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի դեմ լայնածավալ արշավ է սկսվել, տեղեկացնում է Milliyet թերթի կայքը։
Հատուկ գործողությունը մեկնարկել է այսօր առավոտյան։ Դրան մասնակցում են հատուկ նշանակության ջոկատները։ 4 կետում տեղի ունեցող գործողությանը երկնքից աջակցություն են ցուցաբերում 2 ուղղաթիռներ, բարձրահարկերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել։
Երեկ այստեղ սպանվել էր երկու զինծառայող. նրանք տնից դուրս էին եկել՝ իրենց զորամիավորումներ մեկնելու համար։
Հենց այդ միջադեպից հետո էլ քաղաքացիներին արգելվել է տներից դուրս գալ, իսկ արգելքի մասին հայտնել են քաղաքում շրջող ոստիկանական մեքենաներից ու մզկիթների բարձրախոսներից։










