Կադիրովը հայտարարել է, թե պատրաստ է ցուցմունք տալ ռուս ընդդիմադիր Նեմցովի սպանության գործով
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հաղորդել է, որ անպայման կգնա և ցուցմունք կտա ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործով, եթե ՌԴ Քննչական կոմիտեն նման պահանջ ներկայացնի։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Կադիրովը նաև ընդդիմադիր գործչի դստերը՝ Ժաննային, խորհուրդ է տվել հորը սպանողին փնտրել հենց նրա շրջապատում։
«Եթե լսենք ինչ-որ լիբերալների, ապա նրանք ինձ մեղադրում են Նեմցովին սպանելու համար։ Նրանք բղավում են, մյուսները բղավում են։ Քննչական կոմիտեին ասում են՝ «հարցաքննե՛ք Կադիրովին»։ Հիմարությո՛ւն»,-ասել է նա։
Նա Նեմցովի դստերը խորհուրդ է տվել իր հոր սպանության հեղինակին փնտրել հոր շրջապատում, այլ ոչ թե իրեն մեղադրել։
«Եթե նա ցանկանում է ինձ հետ հանդիպել, թող հանդիպի։ Ես նրան հյուր եմ հրավիրում։ Միասին թեյ կխմենք։ Ես նրան ցավակցում եմ, որ հորը սպանել են»,-ասել է Չեչնիայի ղեկավարը։
Նա հավելել է, որ Նեմցովը վերջին շրջանում «ոչինչ չէր որոշում և ոչ մեկին չէր խանգարում»։
«Նրանք, ովքեր ղեկավարում էին նրան, որոշեցին ազատվել Նեմցովից»,- համոզված է Կադիրովը։
Նա նաև հայտարարել է, թե չի հավատում, որ չեչենական «Հյուսիս» գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ Զաուր Դադաևը կապ ունի Նեմցովի սպանության հետ, և կարծում է, որ նրան ուղղված մեղադրանքներն անհիմն են։
Նեմցովը սպանվել է այս տարվա փետրվարի վերջին։










