Ռուսաստանում շենքի 8-րդ հարկի պատուհանագոգին հայտնված երեխան շոկի է մատնել օգտատերերին (լուսանկարներ, տեսանյութ)
Օրերս համացանցում տարածվել է մի տեսանյութ, որը շոկի է մատնել սոցկայքերի հազարավոր օգտատերերի, ինչպես նաև գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը։
Սկանդալային տեսանյութի հերոսը փոքրիկ տղա է, ով հայտնվել է բազմաբնակարան շենքի 8-րդ հարկի պատուհանագոգին և գրեթե առանց բռնվելու մի քանի րոպե շարունակ պահել հավասարակշռությունը։
Ինչպես նշում է ntv.ru-ն, հետագայում պարզվել է, որ մինչ երեխան բառի բուն իմաստով կանգնած է եղել կյանքի ու մահվան միջև, նրա մայրը բնակարանում է եղել, սակայն անուշադրության է մատնել փոքրիկին։ Տեսանյութից երևում է, որ որոշ ժամանակ անց նա «հիշել» է երեխայի մասին ու նրան վտանգավոր վայրից հետ տարել։
Աղբյուրը հավելում է, որ ոստիկաններին ու փրկարարներին կանչել են դիմացի շենքի հարևանները, ովքեր սրտի տրոփյունով հետևել են պատմության հանգուցալուծմանը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Չելյաբինսկի շրջանի Միաս քաղաքում: Ինչ վերաբերում է երեխայի մորը, ապա նրան պատասխանատվության չեն ենթարկի` հաշվի առնելով այն փաստը, որ փոքրիկը չի տուժել։















