Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին առաջարկել է խաղաղության համաձայնագիր կնքել
Փհենյանն ԱՄՆ-ին առաջարկել է խաղաղության համաձայնագիր կնքել։ Դա Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հիմնական պահանջն է Կորեական թերակղզում լարվածության թուլացմանն ուղղված աշխատանքներին մասնակցելու համար։
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասել է ԿԺԴՀ արտգործնախարար Լի Սու Յոնը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քաղաքական քննարկումների ընթացքում։
«ԿԺԴՀ-ի կառավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել պատերազմներն ու հակամարտությունները Կորեական թերակղզում կանխելու համար, երբ ԱՄՆ-ն համաձայնի խաղաղության համաձայնագիր կնքել»,-հայտարարել է նախարարը:
Նա իր առաջարկը համարել է «լավագույն տարբերակը, որը կարող են իրենց թույլ տալ»։
Իր ելույթում նախարարը խուսափել է Հարավային Կորեայի հասցեին հարձակողական մոտեցումից, սակայն հիշատակել է Սեուլի ու ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունները, որոնք, նրա խոսքով, ամեն անգամ Կորեական թերակղզին «պատերազմի շեմին» են հասցնում։










