Մերկելի վարկանիշն անկում է գրանցել՝ հասնելով վերջին 4 տարվա նվազագույն ցուցանիշին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշն անկում է ապրել՝ հասնելով վերջին չորս տարվա նվազագույն ցուցանիշին։ Այդ մասին վկայում է ARD հեռուստաալիքի պատվերով Deutschlandtrend ընկերության անցկացրած հարցումը, գրում է korrespondent.net-ը։
Հարցման արդյունքների համաձայն՝ այսօրվա դրությամբ Մերկելը վայելում է գերմանացիների 54 տոկոսի ժողովրդականությունը, ինչը վատագույն արդյունքն է 2011 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ եվրոգոտում ֆինանսական ճգնաժամ էր տիրում։
Միևնույն ժամանակ, հարցումը ցույց է տվել, որ 51 տոկոսն անհանգստություն է զգում Գերմանիայում ապաստան փնտրող մեծ քանակությամբ մարդկանց պատճառով: Դա 13 տոկոսով գերազանցում է անցած ամիս գրանցված համապատասխան ցուցանիշը:
Գերմանացիների 44 տոկոսը կարծում է, որ իմիգրացիան ավելի շատ թերություններ է բերում, քան առավելություններ:
Այլ գերմանական ԶԼՄ-ների հարցումների համաձայն՝ Մերկելը զբաղեցրել է ժողովրդականության մակարդակով չորրորդ տեղը: Դա կանցլերի պաշտոնում գտնվելու ողջ ընթացքում վատագույն արդյունքն է։










