Ամերիկյան քոլեջում կրակոցներից հետո Օբաման կոչ է արել փոխել զենք կրելու մասին օրենքը
ԱՄՆ-ն «քաղաքական ընտրություն» է կատարել, որը թույլ է տալիս զանգվածային կրակոցների տեղի ունենալը, ինչպես Օրեգոնում, զայրացած հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ մեղադրելով զենք կրելու իրավունքի լոբբիստական խմբերին ամերիկյան օրենքների բարեփոխումն արգելափակելու համար, հաղորդում է Reuters-ը։
Սպիտակ տանը լրագրողների առաջ Օբաման մռայլ դեմքի արտահայտությամբ և վրդովված ձայնով կոչ է արել ամերիկացի ընտրողներին իրենց առաջնորդներից քայլեր պահանջել, եթե նրանք ցանկանում են կանխել նման ողբերգությունները։
«Սա քաղաքական ընտրություն է, որ մենք անում ենք՝ թույլ տալ, որ սա կրկնվի ԱՄՆ-ում մի քանի ամիսը մեկ»,- ասել է Օբաման լրագրողներին Օրեգոնի քոլեջում տեղի ունեցած կրակոցներից հետո ունեցած ելույթում: «Մենք բոլորս պատասխան պետք է տանք այն ընտանիքներին, ովքեր կորցնում են իրենց սիրելիներին մեր անգործության պատճառով»։
«Դա սովորական բան է դարձել: Մահվան դեպքերի մասին հաղորդումները սովորական բան են: Մենք սովորել ենք»,- հայտարարել է Օբաման:
Նա խոստացել է ազդել լոբբիի վրա՝ նշելով, որ զենք կրելու մասին օրենքներն ԱՄՆ-ում պետք է փոխվեն՝ նման ողբերգություններից խուսափելու համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Ամքուայի համայնքային քոլեջում կրակ է բացվել մարդկանց վրա։ Նահանգի գլխավոր դատախազը հաղորդել է, որ քոլեջում հրաձգության հետևանքով գրանցված զոհերի թիվը 13 է, իսկ վիրավորներինը՝ 20։
CNN-ի աղբյուրների տվյալներով՝ իշխանությունների ներկայացուցիչներն ուսումնասիրում են ֆորումներից մեկում ենթադրյալ հրաձիգի՝ 26-ամյա Քրիս Հարփեր Մերսերի և այլ մասնակիցների խոսակցությունը։










