Պուտինի սիրիական գործողության իրական պատճառը` ըստ Bloomberg-ի
Ամերիկյան Bloomberg լրատվականը, իր 2 աղբյուրի վկայակոչումով, բացահայտում է ներկայացնում, թե ինչու է իրականում Ռուսաստանի Նախագահը ակտիվ ռազմական գործողությունների անցել Սիրիայում:
Ըստ այդմ` Պուտինը իրականում սիրիական գործողությունը սկսել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները «աշխուժացնելու» նպատակով:
Սիրիայում ռուսաստանյան միջամտության նախաձեռնողները եղել են Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի` գործողությունը ծրագրված է եղել դեռ ամիսներ առաջ: Ռուսաստանն այս կերպով ցանկացել է «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ-ին ցույց տալ իր գերազանցությունը: Դեռ 2015-ի ամռանը նշված շրջանակը կարծիք է ունեցել, որ ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի բերումով լարված հարաբերությունները կարելի է շտկել Սիրիայի միջոցով: Պուտինը դա համարել է մեկուսացումից դուրս գալու հնարավորություն:
Bloomberg-ի աղբյուրները հայտնել են նաև, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում կտևեն դեռ մի քանի ամիս:










