Ռուսական նավատորմը միացել է Սիրիայում գործողությանը. լրատվամիջոցներ
Միջերկրական ծովում գտնվող Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական օպերատիվ միավորման նավերը սկսել են միջոցներ ձեռնարկել սիրիական Լաթաքիա քաղաքի մոտ գտնվող ավիաբազայի հակաօդային պաշտպանության ուղղությամբ։ Այդ մասին հաղորդում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրի։
«Միջերկրական ծովի արևելյան հատվածում գտնվող Ռուսաստանի ռազմածովային ուժերի օպերատիվ միավորման նավերը «Մոսկվա» հակահրթիռային հածանավի գլխավորությամբ անցել են Լաթաքիայի մոտ գտնվող ավիաբազայի, որտեղ տեղակայված է ռուսական ավիախումբը, հակաօդային պաշտպանության խնդիրների կատարմանը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ նավերը կատարել են օդային թիրախների ուղղությամբ հրետանային հարվածներ:
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանն առաջին օդային հարվածն է հասցրել Սիրիայում։ Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ռազմական ավիացիա է ուղարկել Սիրիա՝ Դամասկոսի դիմումից հետո։
ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ համատեղ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով Ռուսաստանին դադարեցնել Սիրիայի ընդդիմությանը հարվածներ հասցնելն ու կենտրոնանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի վրա։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Թուրքիան, Կատարն ու Սաուդյան Արաբիան «լուրջ մտահոգություն են հայտնել» սիրիական հակամարտությանը ռուսական միջամտության առնչությամբ՝ հատկապես Համա, Հոմս և Իդլիբ նահանգներում ռուսական ռազմա-տիեզերական ուժերի հասցրած հարվածների։










