Ռուսական կործանիչները Սիրիայում ԻՊ-ի հրամանատարական կետ ու տասնյակ միավոր տեխնիկա են ոչնչացրել
«Իսլամական պետություն» խմբավորման հրամանատարային կետն ու մի քանի տասնյակ միավոր տեխնիկա է ոչնչացվել Սիրիայի Համա և Իդլիբ նահանգներում ռուսական Су-24М ռմբակոծիչների հասցրած հարվածների հետևանքով։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Համա նահանգի Քաֆեր Զայթա բնակելի շրջանում Су-24М ինքնաթիռներն ամբողջությամբ ավերել են ԻՊ-ի զինյալների հրամանատարական կետը, որն իրենից ներկայացնում էր ամուր բետոնե կառույց, որում ահաբեկիչները թաքստոց էին ստեղծել… Ոչնչացվել է նաև մի քանի տասնյակ միավոր տեխնիկա, խոշոր տրամաչափի զենքեր»,- հաղորդել է նա։
Պաշտոնյան նաև նշել է, որ ճշգրիտ հարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների զինապահեստ ու բազա՝ Իդլիբ նահանգում։










