Ռուսաստանի օդային հարվածներից Սիրիայում 2 երեխա է զոհվել

17:42 • 02.10.15

Սիրիայում Ռուսաստանի օդային հարվածների հետևանքով երկու երեխա է սպանվել: Ընդհանուր առմամբ՝ այդ հարվածների պատճառով 36 զոհ է գրանցվել քաղաքացիական բնակչության շրջանում, գրում է The Daily Mail-ը:

ԱՄՆ հրամանատարներից մեկը մեղադրել է Մոսկվային կասետային ռումբեր գցելու համար, որոնք կարող են ոչնչացնել ֆուտբոլի դաշտի չափով տարածքներ և անմեղ մարդկանց սպանել:

«Չորս քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ երեխա և մեկ կին է սպանվել Ռուսաստանի ռազմական ինքնաթիռների կողմից իրականացվող հարձակումների ժամանակ»,- հայտնել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը:

«Երեք այլ քաղաքացիական անձ, այդ թվում մեկ աղջիկ և մեկ կին սպանվել են Հաբեթ գյուղը ռմբակոծելու ժամանակ»,- ասել է խումբը, որը տեղեկություններ է հավաքում տեղի իր աղբյուրներից:

Սիրիայի գլխավոր ընդդիմադիր խումբը մեղադրել է Մոսկվային չորեքշաբթի օրը Հոմսում 36 քաղաքացիական անձի սպանվելու մեջ, բայց Կրեմլը հերքել է, որ սպանվածների թվում քաղաքացիական անձինք են եղել:

Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի հաղորդմամբ՝ առնվազն 12 իսլամիստ է սպանվել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման սիրիական գլխավոր հենակետի վրա Ռուսաստանի առաջին օդային հարվածների հետևանքով: Օդային հարվածներից առաջ «ԻՊ»-ի ահաբեկիչները սպառնալի թվիթ են հրապարակել՝ գրելով «Մահ Պուտինին. մենք շուտով կգանք» և հրապարակելով այրվող Կրեմլի լուսանկար: