Եվրաթունելը դադարեցրել է աշխատանքը՝ ներգաղթյալների ներխուժման պատճառով

13:29 • 03.10.15

Եվրաթունելը ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքը՝ ներգաղթյալների հերթական ներխուժման պատճառով, ովքեր փորձել են մեծ խմբով ֆրանսիական Կալե նավահանգստից թունելով անցնել Մեծ Բրիտանիա, գրում է korrespondent.net-ը։

 

Ինչպես հայտնել է օպերատոր ընկերության ներկայացուցիչը, ներգաղթյալները համախմբված են գործել և արագ անցել են ցանկապատի միջով։ Նրանք եղել են մոտ հարյուր հոգի։

 

«Հարձակումն ակնհայտորեն լավ կազմակերպված է եղել»,- ասել է օպերատոր ընկերության ներկայացուցիչը։

 

Սպասվում է, որ թունելը չի աշխատի մի քանի ժամ։ Բրիտանական և ֆրանսիական ոստիկանությունները փորձում են ստիպել ներգաղթյալներին հեռանալ թունելից, սակայն փախստականները տարածվել են թունելով մեկ և թաքնվում են մթության մեջ, ինչը դժվարացնում է որոնումը:

 

Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ հուլիսի սկզբին Կալեում կուտակվել է մոտ երեք հազար ներգաղթյալ, ովքեր հիմնականում Ֆրանսիա են ժամանել Եթովպիայից, Էրիթրեայից, Սուդանից և Աֆղանստանից: Գրեթե ամեն գիշեր նրանք փորձում են հասնել Մեծ Բրիտանիա: