Օրեգոն նահանգի քոլեջում 9 մարդու սպանած երիտասարդն ինքնասպան է եղել

15:00 • 04.10.15

Քրիստոֆեր Շոն Հարփեր-Մերսերը, ով ամերիկյան Օրեգոն նահանգի քոլեջներից մեկում հրաձգություն էր իրականացրել և ինը մարդու սպանել, ինքնասպան է եղել. հաղորդում է Associated Press-ը:


Շրջանի շերիֆի խոսքով՝ 26-ամյա Քրիստոֆերն ինքնասպան է եղել ոստիկանության հետ հրաձգության ընթացքում: Դա հաստատել է նաև դատական փորձաքննությունը:


Հրաձգության ընթացքում վիրավորված ուսանողուհիներից մեկի ազգականը պատմել է, որ Հարփեր-Մերսերը քոլեջում փաթեթ է թողել՝ խնդրելով այն փոխանցել ոստիկանությանը:


Իրավապահ մարմինների աղբյուրները պատմել են, որ փաթեթում հրաձիգի նամակն է եղել: Թե ինչ է գրել նա, չի նշվում:


Քոլեջի վրա իրականացված հարձակման ընթացքում 6 միավոր զենք է օգտագործվել: Եվս 8 զենք ոստիկանները հայտնաբերել են նրա տան խուզարկության ընթացքում: Նրա մոր խոսքով՝ որդին կարող էր հոգեկան խնդիրներ ունենալ: