Մոտ 3.000 ահաբեկիչ Սիրիայից փախել է Հորդանան. РИА Новости

09:43 • 05.10.15

«Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և «Ջեյշ ալ-Յարմուք» խմբավորումների ավելի քան 3.000 անդամներ Սիրիայից Հորդանան են փախել՝ զգուշանալով Բաշար ալ-Ասադի զորքի ու ռուսական ավիացիայի հարվածներից։ Այդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ ռազմական աղբյուրի հղումով։

 

Սիրիական բանակը, աղբյուրի խոսքով, ահաբեկիչներին հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններում, Դեյր էզ-Զոր և Հոմս նահանգներում՝ ներառյալ հնագույն Պալմիրա քաղաքի մերձակայքը։

 

Դեյր էզ-Զորում զինվորականները փորձել են ԻՊ-ի զինյալներին դուրս շպրտել մի շարք բնակելի կետերից։

 

Մարտերի ընթացքում սպանվել է ավելի քան 160 զինյալ: Սիրիայի զինվորականների թվում կան վիրավորներ։

 

Աղբյուրի խոսքով, զինվորականները նաև ահաբեկիչների երկու շարասյուն են ոչնչացրել Պալմիրայի մոտակայքում և հրետանային հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ԻՊ-ի 17 ահաբեկիչ է մահացել։

 

Նույն նահանգներում սիրիական ավիացիան հարվածներ է հասցրել «Ջեբհաթ ան-Նուսրա», «Քաթաիբ ալ-Ֆարուք» և  «Ահրար աշ-Շամ» խմբավորումներին։