American Apparel-ը սնանկության մասին դիմում է ներկայացրել
American Apparel հագուստի ռիթեյլերը երկուշաբթի օրը սնանկության մասին փաստաթղթեր է ներկայացրել, գրում է interfax.ru-ն։
Վերջին շրջանում ընկերությունը բախվել է մի շարք դժվարությունների՝ խոշոր պարտքեր, վաճառքների անկում և ընկերության հիմնադիր Դով Չարնիի հետ դատական քաշքշուկներ։
Առաջին կիսամյակում ընկերության կորուստը կազմել է 45 միլիոն դոլար, այս տարվա երկրորդ եռամսյակում եկամուտն ընկել է 17 տոկոսով: Վերջին ժամանակներում ընկերությունը կորցրել է 340 միլիոն դոլար: Բացի այդ, մինչև հոկտեմբերի 15-ն ընկերությունը պետք է վճարեր 13,9 միլիոն դոլար պարտք։
Նշվում է, որ ԱՄՆ-ում շատ ռիթեյլերներ ճնշում են զգում բարձր մրցակցությունից և սպառողական ծախսերի թույլ աճից։ Հատկապես շատ են վնաս կրել երիտասարդական հագուստի բրենդները։ Վերջին տարվա ընթացքում սնանկացել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Wet Seal-ը, Deb Shops-ը, Delia’s-ը և Body Central-ը։










