Մարսելում կայացել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վազք-մարաթոն

12:49 • 05.10.15

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ֆրանսիայի Մարսել քաղաքում հոկտեմբերի 4-ին մեկնարկել է 10-կմ վազք-մարաթոն՝ «Վազել`  հանուն հիշողության» նշանաբանով:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը, թեթև ատլետիկայի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հովանու ներքո կազմակերպված մրցույթին մասնակցել են մարաթոնների Ֆրանսիայի բազմակի չեմպիոն  Էլոդի Նորմանդը, սամբոյի Եվրոպայի և Ֆրանսիայի  եռակի չեմպիոն Արայիկ Մարգարյանը, էքստրեմ-սպորտսմեն Արա Խաչատրյանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության և Մարսելի սպորտային մի շարք կազմակերպությունների ավելի քան 500 վազորդներ` մարզահագուստներին կրելով «ոչ ցեղասպանության ժխտողականությանը» ուղերձը:
 

Վազքը մեկնարկել է 18-րդ դարում կառուցված Բորելի պալատի այգում տեղակայված հայկական խաչքարի մոտից: Մասնակիցները, անցնելով Մարսելի գլխավոր պողոտաներով և փողոցներով, Հին նավահանգստով, վերջնագիծը հատել են նորակառույց Միջերկրականի պատմության «Մյուսեմ» թանգարանին հարող հրապարակում, վայր, ուր ժամանել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը:

 

Մի քանի անվանակարգերում հաղթողներին մրցանակները հանձնել են Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Մորիս Դինոսերան, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Հենրի Ժիբրայելը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, «Վազել` հանուն հիշողության» կազմակերպության պատվավոր նախագահ Պասկալ Շամասյանը, «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» կազմակերպության նախագահ Տիգրան Հարունյանը և այլք:
 

Միջոցառմանը ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայկական և ֆրանսիական հասարակական կազմակերպությունների նախագահներ,  լրագրողներ,  բազմաթիվ երկրպագուներ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է ֆրանսիական լրատվամիջոցների կողմից: