ԻՊ-ը պայթեցրել է Պալմիրայի Հաղթական կամարը

09:35 • 05.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի ավերումը։ Հայտնի է, որ այժմ իսլամիստները պայթեցրել են իրենից հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթական կամարը։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այդ մասին հայտնել է երկրի հնագիտական հուշարձանների պահպանման պետական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը։

 

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ ահաբեկիչները ռումբերով էին պատել կամարը դեռևս մի քանի շաբաթ առաջ: Աբդուլքարիմը հավելել է, որ գրոհայինների հաջորդ նպատակը Պալմիրայի ամֆիթատրոնի ու սյունաշարի ոչնչացումն է։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստներն ընթացիկ տարվա մայիսին Պալմիրան գրավելուց հետո ոչնչացրել են դրա լավագույն հատվածները` 2.000 տարվա պատմություն ունեցող Բել և Բաալ Շամին տաճարները։