Օրեգոնի քոլեջում հրաձգության ժամանակ տղան մահացել է՝ փորձելով փրկել դասընկերուհուն

13:51 • 05.10.15

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի քոլեջներից մեկում օրերս տեղի ունեցած հրաձգության ընթացքում ուսանողը մահացել է՝ փորձելով փրկել ընկերուհուն, տեղեկացնում է Daily News-ը:

 

Հրաձգությունից փրկված երկու ուսանող այցելել են եկեղեցի՝ հարգելու քոլեջում զոհված ուսանողների ու աշխատակիցների հիշատակը։ Ուսանողներից Լեյսի Սկրոգինսը կարողացել է ողջ մնալ, քանի որ մարդասպանը կարծել է, թե նա մահացած է:

 

Մեկ այլ ուսանող՝ Մեթյուն, որի ազգանունը չի նշվում, ողջ է մնացել, քանի որ հանցագործ Քրիս Հարփեր Մերսերը նրան հանձնարարել էր իշխանություններին փաթեթ հանձնել։

 

«Այն, որ իմ դուստրն այսօր այստեղ է, նշանակում է, որ նա ուժեղ է»,-ասել է Լեյսիի հայրը։
Նա պատմել է, թե ինչպես է դստերը հաջողվել ողջ մնալ հրաձգության ընթացքում: Տղամարդու խոսքով՝  դստեր վիրավոր համադասարանցի Թրևոր Էնսփաքը, օգտագործելով իր վերջին ուժերը, իր մարմնով ծածկել է Լեյսիին։

 

Երբ մարդասպանը տեսել է, որ աղջկա վրա արյուն կա, կարծել է, թե նա մահացել է: 20-ամյա տղան մահացել է։

 

«Ես միշտ էլ մտածելու եմ, որ այդ տղայի արյունը փրկեց դստերս կյանքը»,-ասել է հայրը։

 

Սկրոգինսը հարգել է քոլեջում զոհված 9անձանց հիշատակը և նամակ է ընթերցել զոհերի հարազատների համար։