ԱՄՆ-ն պատրաստվում է ավելի մեծ ճնշում գործադրել Սիրիայում ԻՊ-ի վրա. The New York Times
Միացյալ Նահանգները մտադիր է Սիրիայի հյուսիս-արևելքում խոշոր ճակատ բացել, որի նպատակն է լինելու ավելի մեծ ճնշում գործադրել Ռաքքայի վրա, որը դե ֆակտո ահաբեկչական խմբավորման մայրաքաղաքն է, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնում և Սպիտակ տանն իր աղբյուրներին։
Ինչպես գրում է թերթը, պաշտոնյաների խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անցած շաբաթ հավանության է արժանացրել երկու կարևոր քայլ, որոնք պետք է գալիք շաբաթների ընթացքում արագացնեն հարձակողական գործողությունը։
Օբաման առաջին անգամ հրահանգել է Պենտագոնին անմիջականորեն ռազմամթերք և հնարավոր է՝ որոշ տեսակի սպառազինություն տրամադրել Սիրիայի ընդդիմադիր ուժերին։ Նա նաև պաշտպանել է Թուրքիայում գտնվող ավիաբազայից օդային գործողության ինտենսիվության ավելացման գաղափարը։
Այս քայլերը միասին պետք է օգնեն 3-ից 5 հազար արաբ մարտիկներին, ովքեր կմիանան ավելի քան 20 000 քուրդ զինյալներին հարձակողական գործողության հարցում, որոնց կաջակցեն նաև կոալիցիայի տասնյակ ռազմական ինքնաթիռները՝ Սիրիայում «Իսլամական պետության» գլխավոր հենակետ համարվող Ռաքքայի վրա հարձակողական գործողության համար: Նախատեսվում է նաև սիրիական ընդդիմության մարտիկների միջոցով հսկողության տակ առնել Թուրքիայի հետ երկրի սահմանը՝ ԻՊ-ի մատակարարման կարևոր ճանապարհները կտրելու համար։










