Բելառուսում նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկություն է սկսվում

09:20 • 06.10.15

Բելառուսում երեքշաբթի օրվանից նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկություն է սկսվում, որը կտևի մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ: Քվեարկության հիմնական օրը հոկտեմբերի 11-ն է, գրում է korrespondent.net-ը։

 

Բելառուսական օրենսդրության համաձայն՝ ընտրությունների օրն իր բնակության վայրում գտնվելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի վաղաժամ իր ձայնը տալ իր թեկնածուի օգտին քվեարկության ընդհանուր տեղամասերում, որոնք երկրում և երկրի սահմաններից դուրս մոտ 6,13 հազար են։ Պաշտոնապես քվեարկության օրը ներկայանալու անհնարինության ապացույցներ չեն պահանջվում։

 

Տեղամասերն այդ օրերին աշխատելու են բելառուսական ժամանակով 10:00-ից մինչև 14:00-ն և 16:00-ից մինչև 19:00-ն։ Ընդհանուր առմամբ, Բելառուսի նախագահի ընտրությունների քվեարկությունների ցանկում ներառված է մոտ 7 միլիոն ընտրող։

 

Հիշեցնենք, որ Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չորս թեկնածուի է գրանցել նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Նիկոլայ Ուլախովիչը, Սերգեյ Հայդուկովիչը և Տատյանա Կորոտկևիչը։