ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը թույլ չի տվել Hyundai-ի սեփականատիրոջը մասնակցել ֆեդերացիայի նախագահի ընտրություններին

08:45 • 06.10.15

ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովը թույլ չի տվել կառույցի նախագահի հարավկորեացի թեկնածու Չհոն Մոն Ջունին մասնակցել ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Մոն Ջունը հերքում է բոլոր մեղադրանքները, գրում է lenta.ru-ն։

 

Նա պնդում է, որ չի խախտել որևէ օրենք և մտադիր է բողոքարկել մեղադրանքները, այդ թվում՝ նաև դատական կարգով: «Վերջին հաշվով ես կհաղթեմ և կարդարացվեմ»,- խոստացել է նա։

 

Հեռացված թեկնածուն ենթադրել է, որ հանձնաժողովին դուր չի եկել 2022 թվականին կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու Հարավային Կորեայի դիմումին ակտիվ աջակցելը: Այդ ժամանակ Մոն Ջունն առաջարկում էր համաշխարհային ֆուտբոլային հիմնադրամ ստեղծել։

 

Չհոն Մոն Ջունը զբաղեցրել է ՖԻՖԱ-ի փոխնախագահի պաշտոնը։ Նա միլիարդատեր է, նրան է պատկանում Hyundai Business Group-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։

 

ՖԻՖԱ-ի համաժողովը, որտեղ կկայանան կազմակերպության նոր ղեկավարի ընտրությունները, կանցկացվի 2016 թվականի փետրվարին Ցյուրիխում։