Միջազգային հանրությունը պիտի հասկանա, որ Ադրբեջանի խանական օրենքները հեռու են ժողովրդավարությունից. Գ. Մելիքյան
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը, կիրառելով խոշոր տրամաչափի հրետանի, հրետակոծել է ՀՀ և ԼՂՀ սահմանամերձ խաղաղ բնակավայրերը: ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Իրենց տանը, իրենց այգիներում զոհվում են խաղաղ բնակիչներ, տավուշեցիներ: Վերջերս Նյու Յորքում, պատասխանելով հայ լրագրողների հարցին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը ցինիկաբար ասում էր՝ Տավուշը ի՞նչ է: Պարզ է, որ ինչ-որ ադրբեջանցու ուղեղին անհասանելի է տուն, օջախ, հայրենիք հասկացությունները: Դրանք նրա խելքի բանը չեն, որովհետև նա դաշտագլոր տեսակ է»,- ասաց Գագիկ Մելիքյանը:
ՀՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, թե որպես տավուշեցի ինքը պետք է շեշտի՝ Տավուշը Հայաստան է. «Իսկ թե ի՞նչ էր Ադրբեջանը մինչև հեղափոխություն, կարծում եմ՝ արժե հիշեցնել, այդ վայ դիվանագետին: Դա գոյություն չունեցող, իսկ հետո սարքված բռնատիրական միավորում էր: Արհամարհելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանը պատերազմ հրահրեց, պարտվեց ու մուրալով զինադադար խնդրեց»:
Գագիկ Մելիքյանն ասաց, որ հիմա Ադրբեջանը հատում է «կարմիր գիծը» և արհամարհում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Միջազգային հանրությունը պիտի հասկանա, որ Ադրբեջանի խանական օրենքները հեռու են ժողովրդավարությունից: Ու հավասարութան նշան դնելը ձեզ պատիվ չի բերում»- հավելեց նա՝ ասելով, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակության դեպքում ՀՀ-ին այլընտրանք չի մնում, քան ապահովել ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը:










