Թուրքիան հայտարարել է ՌԴ ավիացիայի կողմից օդային տարածքի ևս մեկ խախտման մասին

08:54 • 06.10.15

Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռը կիրակի օրը՝ վերջին երեք օրվա մեջ արդեն երկրորդ անգամ, խախտել է Թուրքիայի օդային տարածքը, գրում է korrespondent.net-ը։

 

Reuters գործակալության տվյալներով՝ Անկարան կրկին կանչել է Մոսկվայի դեսպանին բացատրությունների համար։

 

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռը շաբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը Սիրիայի կողմից: Ռուսաստանն ընդունել է Թուրքիայի օդային տարածքի խախտման փաստը։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

 

Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Դաշինքի խորհուրդ է հրավիրել, որը դատապարտել է ռուսական ավիացիայի գործողությունները և կոչ է արել դադարեցնել սիրիական ընդդիմության ուղղությամբ օդային հարվածները։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի կողմից Թուրքիայի օդային տարածքի կրկնակի խախտման դեպքում հարցը կքննարկի ՆԱՏՕ-ն։ Այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։