Սիրիայում ՌԴ-ի ռազմական գործողությունը ռազմավարական սխալ է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ
ԱՄՆ-ի իշխանութունները կարծում են, որ Սիրիայի տարածքում Ռուսաստանի Դաշնության կողմից ծավալվող ռազմական օպերացիայի ձևաչափն արմատապես սխալ է: Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոները։
«Ճիշտն ասած՝ առայժմ մենք տեսնում ենք միայն այն, որ ռուսական կողմը որոշել է ռազմական գործողություն սկսել Սիրիայում և խառնվել Ասադի ու չափավոր ընդդիմության միջև շարունակվող քաղաքացիական պատերազմին: Մենք դա ընկալում ենք որպես ռազմավարական սխալ»,-ասել է Թոները։
Պետդեպի ներկայացուցիչը նաև հավելել է, որ Վաշինգտոնում տեսնում են, որ Ռուսաստանը չի պայքարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ինչի վերաբերյալ ավելի վաղ Մոսկվան մտադրություն էր հայտնել:
Թոներն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի նպատակն է աջակցել տարատեսակ սիրիական խմբավորումներին, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ: Սակայն, ըստ ներկայացուցչի, Ռուսաստանը դեռևս այդ արշավին միանալու ցանկություն չի հայտնել։










