Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպես պետք է վերանա այդ արատավոր համակարգը.Է. Շարմազանովը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին
Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, թե յուրաքանչյուր մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել, ինչը, ըստ նրա, շատ մարդկային և հասկանալի իրողություն է:
«Կարդացի հարգարժան երկրորդ Նախագահի մեկհարցանոց հարցազրույցը: Հետո վերընթերցեցի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը: Հետո նորից վերադարձա հարցազրույցին: Հանձնաժողովի եզրակացության մեջ վերամբարձ բառեր չկային, կար միայն ժամանակակից դինամիկ երկրների տեսլական, որին հասնելու ճանապարհին բարձր է գնահատվում արված աշխատանքը: Հարցազրույցում շատ ավելի ոսկեղենիկ ու մաքրամաքուր հայերեն էր գործածած՝ «հարատև չարիք», «լճացման աղբյուր», «արատավոր համակարգ» և ոչինչ չփոխելու տեսլական»,– ասաց ԱԺ փոխնախագահը:
Ըստ նրա, սակայն հարցազրույցը, ուներ անկյունաքար՝ «չի կարելի փոխել սահմանադրությունը, որովհետեւ արատավոր համակարգի վերարտադրման գործիք է: Ուշադրություն դարձրեք «արատավոր համակարգի վերարտադրման գործիք»։
«Հետաքրքիր է ինչ խաղի կանոնների պայմաններում և երբ է առաջացել այդ արատավոր համակարգը: Հետաքրքիր է, ոչինչ չփոխելով ինչպե՞ս պետք է վերանա այդ արատավոր համակարգը, եթե դա իսկապես այդպես է»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի խոսքով, ինքը շատ լավ հասկանում է նաև երկրորդ Նախագահի տեսակետի օբյեկտիվ հիմքերը: «Ցանկացած մարդ դժվարությամբ է հրաժարվում այն ամենից, ինչ ինքն է ստեղծել: Սա շատ մարդկային և հասկանալի իրողություն է: Պարզապես պետք է ընդունել նաև, որ կյանքն առաջ է ընթանում, աշխարհն արագ է փոխվում, և եվրոպական ոչ մեծ երկրների տիպի կառավարման համակարգերը լիովին ապացուցել են իրենց կենսունակությունը: Տեղում դոփել անկարելի է. ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում»,- ամփոփեց ԱԺ փոխնախագահը:










