«Որոտանի» ՀԷԿ-ը վաճառվել է «ջրի» գնով, իսկ գործարքն իրականացնելու համար վարկ է վերցվել հայաստանյան բանկերից. Ա. Մանուկյան

18:09 • 07.10.15

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքի խնդիրը և հայտարարեց, թե «Որոտանի» ՀԷԿ-ը, լինելով կարևոր ռազմավարական օբյեկտ, իր արժեքից շատ էժան՝ «ջրի» գնով է վաճառվել:

 

««Կոնտուր Գլոբալ» ընկերությունը, որը գնեց Որոտանը, դիմել է ՀՀ երեք բանկերին և վարկ տալու համար նաև համաձայնություն է ստացել նաև ՀԾԿՀ-ի կողմից, իսկ մուծում արվել է դրանից մեկ շաբաթ հետո՝ 90 միլիոն դոլար: Ստացվում է, որ այն կազմակերպությունը, որ թնդում էր, թե լուրջ ներդրումներ պետք է անի, որ էներգետիկ ոլորտի կազմակերպություն չէ, այլ առևտրային և գրանցված է օֆշորային գոտում, գործարքն իրականացնելու համար առևտրային վարկ է վերցրել հայաստանյան բանկերից: Խնդրում եմ ասել, որ համապատասխանում է իմ ասած տեղեկությունը իրականությանը, որ մեր ստրատեգիական ջրամբարները վաճառվել են հայկական բանկերի փողերով։ Ի դեպ, պայմանագրի մեջ կետ, որ եկող տարվանից Որոտանը 50 տոկոս պետք է բարձրացնի սակագինը»,- հարցրեց Մանուկյանը:


Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հաստատեց, թե «Որոտանի» ՀԷԿ-ը գնող «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն իսկապես գործարքն իրականացնելու համար վարկ է վերցրել հայաստանյան բանկերից և ճիշտ է նաև, որ վարկ վերցնելուց գրավադրել է ձեռք բերած բաժնետոմսերը:


«Սակայն սա շահեկան է այն առումով, որ քանի դեռ չի վճարվել գործարքի ողջ գումարը, այդ բաժնետոմսերը գրավադրված կշարունակեն մնա ՀՀ կառավարությունում, ավելին` ընդհանուր վարկային փաթեթը չի կարող անգամ մոտ գալ այն գնին, որով վաճառվել է: Պարզունակ է այն մոտեցումը, թե նման կազմակերպությունները կարող են գործել առանց վարկային ռեսուրսներ գրավելու։ Իրականում բանկերը առաջին հերթին նրա համար են, որպեսզի ներգրավեն ավանդներ և ֆինանսավորեն ձեռնարկատիրական ընկերություններին, և այստեղ որևէ զարմանալի բան չկա: Ցույց տվեք մի հաջողակ ձեռնարկատեր, որի կազմակերպությունը չի վերցնում վարկեր»,- պատասխանեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ պետք է ուրախ լինել, որ վարկերը վերցվել են հայաստանյան բանկերից:


Նախարարը նաև նշեց, որ այն տեղեկությունը, թե ընկերությունը էներգետիկ ընկերություն չէ, սխալ է, քանի որ այն գործում է մի քանի տասնյակ երկրներում, էներգետիկ ոլորտից է ու գործում է նորարական ուղղություններով:


ՀԱԿ խմբակցության ղեկավար էլ արձագանքեց ասել, որ իրականում այստեղ չկա տնտեսական «գրանդիոզ» ծրագիր, քանի որ ցանկացածն էլ կարող է նման արտոնյալ պայմաններով վարկ վերցնել և երեք տարի հետո մարել: