«Իսլամական պետությունն» ընդլայնում է իր ներկայությունն Աֆղանստանում. The Washington Post
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ընդլայնում է իր ներկայությունն Աֆղանստանի տարածքում։ Գրոհայինների անսպասելի հայտնված խումբը կենտրոնացել է երկրի արևելյան հատվածում և պլանավորում է կոնկրետ քաղաք գրավել, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի գեներալի։
Աֆղանստանում ամերիկյան զորքերի հրամանատար գեներալ Ջոն Քեմփբելի խոսքով՝ գրոհայինների առավել մեծ քանակությունը տեղակայվել է Նանգարհար շրջանում, որը գտնվում է Պակիստանի հետ սահմանին: Իսլամիստների խումբը համալրվում է «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորման անդամների՝ իրենց շարքեր ներգրավելու միջոցով։
«ԻՊ-ի շատ աջակիցներ թալիբներ են: Հնարավոր է՝ ԻՊ-ի շարքեր մտնելը նրանց համար ԶԼՄ-ների միջոցով ուշադրություն գրավելու և ավելի շատ ռեսուրսներ հավաքելու միջոց է։ Այնպես որ թալիբները, կարելի է ասել, փոխել են վերնաշապիկները և այլ դրոշ բարձրացրել»,- նշում է գեներալը։
ԻՊ-ի գրոհայինները նկատվել են նաև Աֆղանստանի Հելմանդ շրջանի տարածքում: Քեմփբելի կարծիքով՝ հիմնական նպատակը հենց Նանգարհար շրջանն է, քանի որ իսլամիստները ցանկանում են վերահսկել Ջալալաբադ քաղաքը։










