Ռուսական ինքնաթիռները ոչնչացրել են Սիրիայում ԻՊ-ի զինամթերքի գործարանը և գրոհայինների պատրաստման ճամբարը

10:19 • 07.10.15

Ռուսաստանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Դամասկոսի շրջանում «Իսլամական պետություն» խմբավորման զինամթերքի գործարանը և Իդլիբի շրջանում գրոհայինների պատրաստման ճամբարը։

 

Ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Դամասկոսի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինամթերքի գործարանին, հաղորդում է gazeta.ru-ն։

 

«Ղուտայի շրջանի մոտակայքում СУ-24М ռմբակոծիչներով ոչնչացվել է ԻՊ խմբավորման համար զինամթերքի արտադրության գործարանը»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

 

Նա հայտնել է նաև, որ ռուսական ավիացիան Իդլիբի շրջանում ոչնչացրել է «Իսլամական պետության» գրոհայինների պատրաստման ճամբարը։

 

Նրա խոսքով՝ Су-24 ինքնաթիռը ռմբակոծել է ահաբեկիչների մարզումների վայրը։ «Ահաբեկիչների պատրաստման համար նախատեսված մարզումների կենտրոնը ոչնչացվել է»,- հայտարարել է Կոնաշենկովը։

 

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ին ռուսական ավիացիան հարվածներ է հասցրել «Իսլամական պետության» 12 օբյեկտների։ Ռմբակոծումներից մեկի հետևանքով, որոշ տվյալներով, տասնյակ գրոհայիններ են սպանվել: