Սնոուդենը ցանկանում է վերադառնալ ԱՄՆ և պատրաստ է բանտարկվել
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն ապաստան էր ստացել Մոսկվայում՝ հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին տեղեկություններ բացահայտելուց հետո, BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է մեկնել ԱՄՆ և բանտարկվել:
«Ես պատրաստ եմ բանտ նստել, և այդ մասին բազմիցս ասել եմ: Միակ բանը, որ չեմ ցանկանում, դա զսպող գործոն լինելն է այն մարդկանց համար, որոնք ձգտում են իրենց ճիշտ պահել դժվարին պահերին»,- ասել է Սնոուդենը։
Հիշեցնենք, որ Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post և Guardian թերթերին գաղտնի նյութեր է տրամադրել ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների լրտեսման ծրագրերի մասին:
Դրանից հետո նա փախել է Հոնկոնգ, իսկ այնտեղից էլ Մոսկվա, որտեղ ժամանակավոր ապաստան է ստացել։
ԱՄՆ-ում Սնոուդենի դեմ քրեական գործ է հարուցվել պետական ունեցվածքը գողանալու, ազգային անվտանգությանն առնչվող տեղեկություններն ապօրինի օգտագործելու, ինչպես նաև գաղտնի տվյալները միտումնավոր հրապարակելու մեղադրանքներով:
Սնոուդենը հայտնել է, թե ինքն ու իր փաստաբաններն ԱՄՆ-ի կառավարությունից իրենց հարցմանը դեռ պատասխան են ակնկալում։










