Toyota-ն չգիտի, թե ինչպես են իր հազարավոր մեքենաներ հայտնվել ԻՊ-ի տրամադրության տակ. ABC
«Իսլամական պետության» զինյալներն իրենց տրամադրության տակ Toyota մակնիշի հազարավոր ավտոմեքենաներ ունեն՝ ամենագնացներ, թեթև բեռնատարներ, ինչի մասին վկայում են բազմաթիվ տեսագրությունները, որոնք արվել են Սիրիայի, Իրաքի ու Լիբիայի տարածքներում, հայտնում է ABC հեռուստաընկերությունը։
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, ամերիկյան իշխանությունները պաշտոնական հարցում են արել ճապոնական ավտոարտադրողին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես են ահաբեկիչները մշտապես մեծ քանակությամբ նոր մեքենաներ ստանում։
«ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակաակաբեկչական բաժնի հարցմանն ընկերությունից պատասխանել են, որ չունեն տեղեկություն՝ ինչպես են ԻՊ-ի անդամները ձեռք բերում մեքենաները, սակայն պատրաստ են ամեն կերպ աջակցել այդ գերատեսչության իրականացրած քննությանը»,- հաղորդել է ABC հեռուստաընկերությունը:
Կոնցեռնում նաև հայտարարել են, որ ԱՄՆ-ին արդեն տեղեկացրել են Մերձավոր Արևելքի երկրներ մեքենաների առաքման շղթայի մասին։
Ընկերությունում նաև հավաստիացրել են, որ «խիստ քաղաքականություն ունեն, համաձայն որի արգելվում է տրանսպորտային միջոցների վաճառքն այն գնորդներին, որոնք դրանք կարող են օգտագործել կամ վերակառուցել դրանք ռազմական ու ահաբեկչական գործունեության համար»։










