Մեծ Բրիտանիան կմասնակցի Մերձբալթյան շրջանում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայմանը. Financial Times

13:08 • 08.10.15

Մեծ Բրիտանիան մտադիր է միանալ Գերմանիային և ԱՄՆ-ին երկարաժամկետ հիմքով Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի տեղակայմանը` ռուսական ագրեսիան զսպելու և դաշինքի արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով, գրում է gazeta.ru-ն՝ Financial Times-ին հղումով։

 

«Մենք արդեն տեղակայում ենք Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Մերձբալթիկայում և ապահովում ենք ուկրաինական զինված ուժերի պատրաստությունը։ Այժմ մենք կունենանք ռոտացիոն կարգով զորքերի կանոնավոր ներկայություն»,- ասված է ելույթում, որը պատրաստվում է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների գագաթաժողովում ներկայացնել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը։

 

Նրա խոսքով՝ հստակ ժամկետներ զորքերի տեղակայման համար չկան, այն կիրականացվի ռոտացիոն կարգով, ինչը թույլ կտա երկրներին խուսափել Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» ավարտից հետո կնքած համաձայնագիրը խախտելու մեղադրանքներից:

 

Կկրկնապատկվի նաև ուկրաինացի զինվորականների ուսուցման ծրագրի ծավալը, որի շրջանակում ներկայում Մեծ Բրիտանիայից 75 մարզիչ մարզում է 1.600 ուկրաինացի զինվորականի։