Թուրք դատախազը Դինքի գործով ձերբակալված 9 ոստիկաններից 5-ին կալանավորելու պահանջով դատարան է դիմել
Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի կրկնակի քննության շրջանակում ձերբակալված 9 ոստիկաններից 5-ի գործերը կալանավորման պահանջով ուղարկվել են դատարան, տեղեկացնում է «Ակօս»-ը։
Ստամբուլի հետախուզության պետ Ահմեթ Իլհան Գյուլերն էլ ցուցմունք տալուց հետո ազատ է արձակվել։
Դատախազը 5 կասկածյալների՝ «կանխամտածված սպանությանն աջակցելու» և «խմբավորումներին անդամակցելու և խմբով հանցագործություն իրականացնելու» մեղադրանքներով գործերը դատարան է ուղարկել՝ պահանջելով կալանավորել նրանց։
2007 թվականի հունվարի 19-ին Շիշլիում «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի շրջանակում Ստամբուլի գլխավոր դատախազության ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության վարչության դատախազ Գյոքալփ Քյուքչուի կողմից շարունակվող քննության ընթացքում նոր զարգացումներ են տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Քյոքչուն ձեռք բերած փաստերի ու ապացույցների հիման վրա նախօրեին ձերբակալել էր ոստիկանության 9 ներկայացուցչի, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։










