1.600.000 դոլար. ամերիկուհին DuPont-ից փոխհատուցում կստանա երիկամի քաղցկեղի համար
ԱՄՆ-ի Օհայո նահանգի բնակչուհի Սառա Բարթլետը շահել է DuPont քիմիական ընկերության դեմ դատական գործը։ Ըստ կայացված դատավճռի՝ կինն ընկերությունից կստանա 1.6 մլն դոլարի փոխհատուցում։
Ինչպես նշում է lenta.ru-ն, Բարթլետը պնդում է, որ ինքը հիվանդացել է երիկամի քաղցկեղով, քանի որ օգտագործել է DuPont-ի գործարանից արտահոսած քիմիական նյութերով աղտոտված ջուրը։
Աղբյուրը մանրամասնում է, որ 59-ամյա կնոջ հայցը ներկայացվել է Միդ Օհայո Վելի բնակավայրի բնակիչների` տվյալ ընկերության դեմ պայքարի շրջանակում։
Նշվում է, որ քիմիկատների արտահոսքի պատճառով տարատեսակ հիվանդությունների առաջացման մասին ընդհանուր առմամբ հայտնել է 3.500 մարդ: Փաստացի, Բարթլետի դատական հաղթանակը կարող է լավ նախադեպ լինել նմանատիպ այլ դատական հայցերի հաղթական ելքի համար։
Նշվում է, որ DuPont-ը պատրաստվում է բողոքարկել որոշումը։










